Հայաստանի նախագահն իր թուրքմեն գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան

08.04.2010, 17:10
Հայաստանի նախագահն իր թուրքմեն գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սափարլիևի միջոցով ողջույններ և Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին։

 

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիևի հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առևտրատնտեսական կապերը և ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը:

ՀՀ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Սափարլիևը նախկինում եղել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում: Սերժ Սարգսյանի խոսքով` գործընկեր երկրի ճանաչողությունը լրացուցիչ դրական գործոն  է հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու  առումով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ հենվելով հայ-թուրքմենական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա, կարվի անհրաժեշտը`  զարգացնելու երկկողմ համագործակցությունը:

Թուրքմենստանի փոխվարչապետը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ողջույնները:  Փոխվարչապետ Սափարլիևը միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստի աշխատանքը գնահատել է արդյունավետ և ասել, որ հստակեցվել են տնտեսության, մշակույթի, գիտության և կրթության, հումանիտար փոխգործակցության կոնկրետ ուղղությունները:

Զրուցակիցները հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում  կարևորել են նաև երկու երկրների նախագահների միջև  ձևավորված փոխվստահելի հարաբերությունները: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև չկան քաղաքական տարաձայնություններ, ինչը լավ հիմք է փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելու և ակտիվ գործակցություն ծավալելու համար:  -0-