ՀՀ նախագահը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպել Էրդողանին

08.04.2010, 11:08
ՀՀ նախագահը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպել Էրդողանին
ՀՀ նախագահը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպել Էրդողանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը:

Թուրքիայի վարչապետի գրավոր և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները ՀՀ նախագահին է փոխանցել հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուն, ում Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը կմասնակցեն գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում:

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-