Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին առաջարկել է երկկողմանի հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

07.04.2010, 18:17
Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին առաջարկել է երկկողմանի հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է երկկողմանի հանդիպում անցկացնել Վաշինգտոնյան այցի շրջանակներում, հաղորդում են հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Թուրքիայի վարչապետի գրավոր և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները ՀՀ նախագահին է փոխանցել հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուն, ում Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը կմասնակցեն գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում:

Հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ:

«Բանագնաց Սինիլիօղլուն ՀՀ նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-