Սեպտեմբերի 1-ից հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն Հալեպի համալսարանում

07.04.2010, 18:04
Սեպտեմբերի 1-ից հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն Հալեպի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հալեպի համալսարանին առընթեր Լեզվաբանական կենտրոնում կանցկացվեն հայոց լեզվի դասընթացներ ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար։

Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 6-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանի հանդիպմանը Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեի հետ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաև ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով:

Նիդալ Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է և պատրաստ է ուսումնական գործընթացին:      

Կողմերը քննարկել են նաև ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը: -0-