Հայաստանում ֆրանկոֆոնիայի ավանդույթներն ակտիվորեն զարգանում են. ԱԳՆ ղեկավար

07.04.2010, 14:14
Հայաստանում ֆրանկոֆոնիայի ավանդույթներն ակտիվորեն զարգանում են. ԱԳՆ ղեկավար

Հայաստանում ֆրանկոֆոնիայի ավանդույթներն ակտիվ և հաջող կերպով զարգանում են, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի  (Abdou Diouf) հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դրա վկայությունն է Հայաստանում վերջերս անցկացված ֆրանկոֆոնիայի ամիսը, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և ՖՄԿ-ի միջև ստորագրված Հուշագիրը»,- ասաց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ըստ Նալբանդյանի՝ Հայաստանի ասոցիացված անդամությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, էթնիկ բազմազանություն և խաղաղության պահպանում։

«Հայաստանը ՖՄԿ անդամ երկրների հետ միասին մեծ նշանակություն է տալիս քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատմանը»,- նշեց նախարարը։

Նա նաև հաղորդեց, որ ՀՀ ԱԳՆ-ն ծրագրում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ անցկացնել հայ լրագրողների համար։

«Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունները զարգանում են բացառապես դրական ուղղությամբ».- ասաց Նալբանդյանը։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ է դարձել 2008թ.-ին: 1970 թ.-ի մարտի 20-ին Նիգերի մայրաքաղաքում հիմնադրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ:

Կազմակերպությունը ներկայացված է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ ընդգրկված են Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող շուրջ մեկ երրորդ երկրները: Կազմակերպության նպատակը ֆրանսերենի տարածումն ու մշակութային բազմազանության պաշտպանությունն է:-0-