Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի մինչև Թուրքիան գործընթացից առավելագույն օգուտ չստանա. փորձագետ

06.04.2010, 19:14
Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի մինչև Թուրքիան գործընթացից առավելագույն օգուտ չստանա. փորձագետ

Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի մինչև Թուրքիան գործընթացից առավելագույն օգուտ չստանա, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Վաղ թե ուշ արձանագրությունները կվավերացվեն, բայց մինչև ապրիլի 24-ը  միանշանակ դա տեղի չի ունենա։ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացնի մինչև գործընթացից առավելագույն օգուտ չստանա»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ Թուրքիային Հայաստանի հետ կարգավորված հարաբերություններ են հարկավոր, և գործընթացը դեռ վերջնականապես  տապալված չէ։

Գրիգորյանը հստակեցրեց, որ Թուրքիայի համար «առավելագույնը», մասնավորապես, ԵՄ հնարավոր անդամակցության հեռանկարի հստակեցումն ու ժամկետներն են։ Թուրքիան նաև ցանկանում է ԱՄՆ-ի շահերը ներկայացնել Սև ծովում այն պայմանով, որ այնտեղ ամերիկյան ռազմական նավեր չլինեն։

Ըստ նրա՝ եթե նույնիսկ Հայաստանը ղարաբաղյան հարցի վերաբերյալ զիջումների գնա, ապա դա սահմանի բացման համար որոշիչ գործոն չի հանդիսանա։ Գրիգորյանը կարծում է, որ Թուրքիան գլոբալ, այլ ոչ թե լոկալ պետություն է և նրա համար չափազանց պարզունակ է միայն Ադրբեջանի համար սահմանը չբացելը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ գործընթացի կարգավորման վրա Ադրբեջանի ազդեցության գործոնը բավականաչափ հաշվի չէր առնվել։

Գրիգորյանն ըդգծեց, որ Հայաստանը՝ որպես փոքր պետություն, պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի։ Բայց անհրաժեշտ է, որ նախաձեռնողականությունը միայն երկրի նախագահով չսահմանափակվի։ ԱԳՆ-ն և խորհրդարանն իրենց հերթին ևս պետք է ակտիվ լինեն։ -0-

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--