FIDH-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների արդար հետաքննություն անցկացնել

06.04.2010, 17:15
FIDH-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների արդար հետաքննություն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կոչ է անում Հայաստանի իշխանություններին 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների արդար և ազատ հետաքննություն անցկացնել, երեքշաբթի Երևանում հայտարարեց FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը Ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի շրջանակներում «Արդարադատություն. Նոր մարտահրավերներ» համաժողովի բացման ժամանակ:

«Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին, բացահայտել անհամակշիռ ուժի կիրառման հանգամանքները, ինչպես նաև բացել А1+ ընդդիմադիր հեռուստաալիքը», - ասաց Բելհասենը:

Նրա խոսքերով՝ FIDH-ը կոչ է անում հայկական իշխանություններին կոնկրետ գործողություններով արձագանքել այդ խնդրանքներին:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, իսկ մարտի 1-ի գործով մեղադրյալները դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների համար:

FIDH-ի նախագահը նշեց, որ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և պատասխանատվության ենթարկեն մարտի 1-2-ի հանցագործությունների մեղավորներին, ինչպես նաև երաշխավորեն տուժածներին, որ այսուհետ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն:

«Մենք կարևորում ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցերի քննարկումը, ինչպես նաև փորձի փոխանակումը», - ավելացրեց Բելհասենը:

Համաժողովը, որը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայկական անդամ-կազմակերպություն) հետ համատեղ, FIDH-ի 37-րդ կոնգրեսի շրջանակներում հնարավորություն կտա տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քննարկել և իրավական պաշտպանության միջոցներ մշակել իրավախախտումների զոհերի, արդարության, ճշմարտության և վերականգնման համար պայքարող անձանց համար: Համաժողովին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք նաև կիրականացնեն փորձի փոխանակում միջազգային հանցագործությունները կանխարգելող հարցերի շուրջ:-0-