Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կախված է վաշինգտոնյան հանդիպումներից. փորձագետ

02.04.2010, 17:10
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կախված է վաշինգտոնյան հանդիպումներից. փորձագետ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կախված է վաշինգտոնյան հանդիպումներից. փորձագետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարը կախված է պետությունների (Հայաստան, Թուրքիա և ԱՄՆ) ղեկավարների հնարավոր հանդիպումներից, որոնք նախատեսված են ապրիլի 12-13 Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ամենասպասելի իրադարձությունը վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումներն են: Դրանք կամ խթանման կհանգեցնեն, կամ դադարեցման»,- ասաց Բեքարյանը՝ նշելով, որ դեռ վաղ է միանշանակ կանխատեսումներ անել:

Փորձագետը խոստովանեց, որ թեպետ չարդարացան իր լավատեսական կանխատեսումները՝ հայ-թուրքական հարաբերությունների վավերացման վերաբերյալ, սակայն նա այժմ էլ չի բացառում դրա հնարավորությունը: Փորձագետը մասնավորապես նշեց, որ որոշիչ դեր կարող է խաղալ ԱՄՆ-ն, որն աշխարհում ազդեցության բազմակի լծակներ ունի:

Այդ թվում Բեքարյանը նշեց նաև, որ Թուրքիան պետք է հասկանա, որ միջազգային գործընթացների ձախողումը այդքան էլ հեշտ չէ «մարսել», այդ պատճառով էլ փորձում է մեղքը Հայաստանի վրա գցել: Նա նաև նշեց կարգավորման գործընթացի բացասական մասը, որը մասամբ կապված է թուրք վարչապետի՝ երկրից 100 հազար միգրանտներին արտաքսելու սպառնալիքի հետ: -0- Ա.Բ.

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-