Հայաստանի իշխանությունները փորձում են ղարաբաղյան հարցում զիջումները ներկայացնել որպես չարյաց փոքրագույն. ընդդիմություն

02.04.2010, 13:39
Հայաստանի իշխանությունները փորձում են ղարաբաղյան հարցում զիջումները ներկայացնել որպես չարյաց փոքրագույն. ընդդիմություն

Հայաստանի իշխանությունները փորձում են ղարաբաղյան հարցում զիջումները հասարակությանը ներկայացնել որպես չարյաց փոքրագույն, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդի մեջ խուճապ առաջացնել Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի առնչությամբ՝ ղարաբաղյան հարցում սպասվող զիջումներն արդարացնելու համար», - կարծում է ՀԱԿ-ի համակարգողը:

Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչը նշեց, որ ՀԱԿ-ը չի բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը, քանի որ «բանակցային ռեսուրսն արդեն սպառել է իրեն»:

«Բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որին Ադրբեջանն արդեն համաձայնություն է տվել: Եթե Հայաստանը չհամաձայնվի, ապա պատերազմը բացառված չէ», - ասաց Զուրաբյանը:

Նա կարծում է, որ եթե Հայաստանը գնա Ղարաբաղի շուրջ շրջանակային համաձայնագրի, ապա առաջընթաց կնկատվի նաև հայ-թուրքական հարաբերություններում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-