Հայաստանի պահպանվող տարածքներում որսագողության դեպքեր չեն գրանցվել. ՀՀ ԲՆ

01.04.2010, 14:10
Հայաստանի պահպանվող տարածքներում որսագողության դեպքեր չեն գրանցվել. ՀՀ ԲՆ
Հայաստանի պահպանվող տարածքներում որսագողության դեպքեր չեն գրանցվել. ՀՀ ԲՆ

Հայաստանի պահպանվող տարածքներում 2009թ.-ին որսագողության դեպքեր չեն գրանցվել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության բաժնի պետ Արամ Աղասյանը:

«Ինչ վերաբերում է պահպանվող տարածքներից դուրս որսագողության դեպքերին, ապա դրանց թիվը կտրուկ կրճատվել է՝ նախորդ տարվա համեմատ», - նշել է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ անհնար է որոշակի թվեր ներկայացնել:

Նրա խոսքերով, իրավիճակի առաջընթացը պայմանավորված է համապատասխան ծառայությունների աշխատանքի պայմանների բարելավման, անհրաժեշտ տեխնիկայով և երթևեկության միջոցներով ապահովելու հետ:

«Այսօրվա դրությամբ անհնար է 100 տոկոսով կանխարգելել որսագողությունը: Սակայն մենք գոհ ենք գոյություն ունեցող տեմպերից», - ընդգծեց Աղասյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր երկրում անօրինական որսի համար նախատեսված է մինչև 3 միլիոն դրամ (շուրջ 7500 դոլար) տուգանք, իսկ պահպանվող տարածքներում իրականացված որսի դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է:

«Հենց որսագողության դեմ պայքարին է ուղղված նոր պահպանվող տարածքների, մասնավորապես՝ Զանգեզուրի արգելոցի և «Արևիկ» ու «Արփի լիճ» ազգային պարկերի ստեղծումը», - ավելացրել է Աղասյանը:-0-