Երևանի բժշկական համալսարանը համագործակցություն է ծավալել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ

29.03.2010, 14:41
Երևանի բժշկական համալսարանը համագործակցություն է ծավալել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ
Երևանի բժշկական համալսարանը համագործակցություն է ծավալել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ

Եռակողմ համաձայնագիր է ստորագրվել երկուշաբթի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և USAID-ի ֆինանսավորած «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի միջև:

Համաձայնագիրը ստորագրել են ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Գևորգ Յաղջյանը,  Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գլոբալիզացիայի և պրոֆեսիոնալ զարգացման գծով դեկան, կլինիկական դեղաբանության ֆակուլտետի դասախոս Մայքլ Ուինկորը և  Հայաստանում CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը:

«Այդ ծրագրի նպատակն է ԵՊԲՀ-ի մագիստրատուրայի դեղաբանության  մասնագիտության ուսումնական ծրագրերի վերանայումը, դրանց հետագա բարելավումը և մեր մասնագետների որակի բարձրացումը, ինչը կբարձրացնի աշխատաշուկայում նրանց ինքնադրսևորման հնարավորությունը», - ասել է Յաղջյանը:

Նախաձեռնության նպատակն է բարելավել դեղաբանական կրթության ուսումնական ծրագրերը, շուկայի պահանջների հետ դրանց համապատասխանեցումը, ուսուցման ժամանակակից մեթոդներին անցում կատարելն ու արևտմյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հաստատումը՝ փորձի հետագա փոխանցմամբ:

Ստորագրված համաձայնագրի շրջանակներում Մայքլ Ուինկորը համապատասխան հետազոտոություններ կանցկացնի: Կգնահատվեն գոյություն ունեցող ուսումնական ծրագրերը և կներկայացվեն համապատասխան առաջարկներ:

Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի մասնավոր հատվածին՝ ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային շուկաներում արդյունավետ մրցակցության նպատակով:-0-