Երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստները հոլանդացի ռեժիսոր Յոս Սթելինգի ղեկավարությամբ երեք ֆիլմ են նկարել

26.03.2010, 17:28
Երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստները հոլանդացի ռեժիսոր Յոս Սթելինգի ղեկավարությամբ երեք ֆիլմ են նկարել
Երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստները հոլանդացի ռեժիսոր Յոս Սթելինգի ղեկավարությամբ երեք ֆիլմ են նկարել

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի ուսանողները հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Սթելինգի ղեկավարությամբ երեք կարճամետրաժ խաղարկային ֆիլմ են նկարել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:  

«Նկարահանումներն ավարտվել են երկուշաբթի: Ֆիլմերից մեկը պատրաստ էր արդեն երեկ: Մնացած երկու ֆիլմերի մոնտաժն ու ձայնային աշխատանքները կավարտվեն կիրակի, և մենք կկարողանանք ցուցադրել դրանք»,- ասաց Ստամբոլցյանը: 

Յոս Սթելինգը մարտի 23-28-ին վարպետության դասեր է անցկացրել «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցում: Նրա իսկ մշակած ծրագրի համաձայն պարապմունքների ընթացքում Սթելինգի անմիջական ղեկավարությամբ նկարահանվել են երեք կարճամետրաժ ֆիլմեր «Սերն ու Երևան քաղաքը» թեմայով: Շուրջ 20 դիմումից Սթելինգն ինքը ընտրել է երեք սցենար. Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկ»-ը, Արթուր Սուքիասյանի «Երևանի սիրուն տղա»-ն և Մարիամ Եղիազարյանի «Գաղտնիք»-ը, որոնք ամենահարմարն են եղել մի քանի օրում ֆիլմ նկարելու համար:  

Վարպետության դասերի մյուս մասնակիցները ևս շուտով իրենց սցենարներով ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կստանան: 

«Նման կերպով վարպետության դասեր կազմակերպելը ֆանտաստիկ գաղափար է: Սա ֆիլմ նկարել սովորեցնելու միակ տարբերակն է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոլանդացի ռեժիսորը: Նա նշեց, որ երիտասարդ ռեժիսորները, ում հետ նա աշխատել է, լիովին տարբերվում են միմյանցից, բայց նրանք բոլորը մեծ ցանկություն ու մղում ունեն:   

Կինոռեժիսորի խոսքերով, կինոն հսկայական նշանակություն ունի երկրի համար:

«Երկրին ծանոթանում ես՝ դիտելով այնտեղ նկարահանված ֆիլմերը: Կինեմատոգրաֆը չզարգացնելը նշանակում է սեփական անձին զրկել ինքնադրսևորումից»,- ասաց Սթելինգը:  

Յոս Սթելինգը նիդեռլանդցի կինոռեժիսոր ու սցենարիստ է՝ ծնված 1945 թ.-ի հուլիսի 16-ին Ուտրեխտում: Կրթությունը ստացել է «կինոյի ու հեռուստատեսության ռեժիսոր» մասնագիտությամբ:

Սթելինգը Հայաստան է այցելում արդեն երրորդ անգամ: Նրա առաջին այցը կայացել է 2005 թ.-ին, երբ ընդգրկված էր «Ոսկե ծիրան» փառատոնի «միջազգային խաղարկային կինո» անվանակարգում ժյուրիի կազմում: Սթելինգի երկրորդ այցը կայացավ 2008 թ.-ին, երբ նրա «Հոգյակ» ֆիլմն ընդգրկվեց փառատոնի մրցութային ծրագրում:

Ինչպես հայտնեց Ստամբոլցյանը, կիրակի կկայանա նաև ֆիլմերի քննարկում, որտեղ կորոշվի՝ երեք ֆիլմերը կցուցադրվեն առանձին, թե կազմակերպիչները կսպասեն, մինչև բոլոր մասնակիցները ֆիլմերը պատրաստ կլինեն, որոնք հետո կցուցադրվեն «Ոսկե ծիրանի» ժամանակ:   

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվել է 2004թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը և արժանացել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վարպետների բարձր գնահատականներին։ՈՍկե ծիրանն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ հուլիսի 11-18-ից: Փառատոնի գլխավոր հովանավորը «Viva-Cell-МТС» է:

2009 թ.-ին «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց է ներկայացվել շուրջ 85 դիմում, որից 70 հայ ուսանողների կողմից, իսկ 15-ը Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և Իրանից եկած ուսանողների:

Նախնական հարցազրույցի արդյունքում ութ ուսանողներ են ընդունվել կինոդպրոց 2009-2010 ուսումնական տարվա համար: Սակայն կինոյի հրավիրված վարպետների դասախոսություններին կարող են մասնակցել նաև անցյալ տարվա լավագույն ուսանողները: -0-