Լեոնիդ Ենգիբարովի հոբելյանը կնշվի Հայաստանի Ազգային Ժողովի պուրակում

25.03.2010, 15:36
Լեոնիդ Ենգիբարովի հոբելյանը կնշվի Հայաստանի Ազգային Ժողովի պուրակում

Հայտնի խորհրդային կրկեսային արտիստ, միմոս և ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի հոբելյանին նվիրված միջոցառում տեղի կունենա մարտի 27-ին հայկական խորհրդարանի պուրակում «Ազգային Ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում, հինգշաբթի տեղեկացրեց ԱԺ  մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանը։

Նրա խոսքերով՝ միջոցառմանը կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Երևանի պետական կրկեսի արտիստները։

«Մենք որոշեցինք 2010 թվականին «Ազգային Ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում բաց երկնքի տակ միջոցառումները սկսել Ենգիբարովի հոբելյանից, քանի որ համարում ենք նրան 20-րդ դարի բացառիկ արտիստ, ով իր կյանքի ընթացքում պահպանել է մանկության դրոշմը։ Իսկ դա նշանակում է, որ նա բյուրեղյա մաքրության արտիստ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ, հաղորդակօց լինելով Ենգիբարովի արվեստին և կերպարին, նայեն կյանքին այլ աչքերով»,- լրագրողներին հայտնեց Անտիկյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Միջոցառումը կանցկացվի Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Լեոնիդ Ենգիբարովը 2010 թվականի մարտի 15-ին կդառնար 75 տարեկան։ 1959 թվականին Ենգիբարովն ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի պետական ուսումնարանը։ Իր համարներում նա լայնորեն օգտագործում էր մնջախաղի, ակրոբատիկայի, էկվիլիբրիստիկայի, աճպարարության հնարքներ։ Միջազգային մրցանակների դափնեկիր է։ Նկարահանվել է ֆիլմերում։ 

1972 թվականին Երևանում լույս է տեսել Լեոնիդ Ենգիբարովի «Առաջին ռաունդ» նովելների գիրքը, 1984-ին՝ «Վերջին ռաունդ» գիրքը, որում ընդգրկվել են առաջին ժողովածուում տեղ չգտած նովելները։ -0-