Փախստականների բնակեցման հիմնախնդիրների լուծմանը նվիրված միջազգային դոնորների համաժողովը կանցկացվի աշնանը Երևանում

25.03.2010, 10:42
Փախստականների բնակեցման հիմնախնդիրների լուծմանը նվիրված միջազգային դոնորների համաժողովը կանցկացվի աշնանը Երևանում

Փախստականների բնակեցման հիմնախնդիրների լուծմանը նվիրված միջազգային դոնորների համաժողովը կանցկացվի աշնանը Երևանում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, համաժողովի նախապատրաստական հարցերը քննարկվել են Քասախի համայնքում, ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարության նախարար Արմեն Գևորգյանի մասնակցության տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի, ՏԿՆ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, ՀՀ արտգործնախարարության պատասխանատուների ուղեկցությամբ, նախօրեին այցելել են Կոտայքի մարզ, ծանոթացել Քասախ համայնքում բազմաբնակարան սոցիալական տան վերակառուցման աշխատանքների ընթացքին, որը ծրագրվում է շահագործման հանձնել 2010 թ.-ի մայիսին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է, որ համաժողովի պոտենցիալ մասնակիցները նախապես իրազեկված լինեն Հայաստանում փախստականների խնդիրներին: Բացի այդ հանդիպման մասնակիցները նշել են, որ այս հարցում ակնկալվում է նաև ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի աջակցությունը:

Համաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով նախատեսվում է ստեղծել նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայումս շուրջ 1300 առավել կարիքավոր փախստական ընտանիքներ, որոնցից 950-ը` Երևանում, ընդգրկված են կառավարության կողմից իրականացվող ծրագրերում, և նրանց հիմնախնդիրների լուծման համար պահանջվում է ավելի քան 45 մլն ԱՄՆ դոլար: -0-