Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումը կհանգեցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճին. Սարգսյան

23.03.2010, 19:33
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումը կհանգեցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճին. Սարգսյան

Որքան ավելի շատ ձգձգվի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, այնքան ավելի մեծ թվով երկրներ բանաձև կընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում: 

«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տևի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը»,- մամուլի ծառայությունից մեջբերեցին երկրի ղեկավարի խոսքերը:

Սարգսյանը միաժամանակ նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևն այդ երկրի ներքին գործն է, որին Հայաստանը չի միջամտում, «որքան էլ այն բարոյապես կարևոր համարենք»:

«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, և, արդյոք, ճանաչելով ցեղասպանությունը` որևէ երկիր չի՞ վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ»,- վստահ է երկրի ղեկավարը:
 
Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, ապա դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև:

«Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա»,- հայտարարեց Սարգսյանը:

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--