ՀՀ կառավարությունը բարձր մակարդակով կանցկացնի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22.03.2010, 18:52
ՀՀ կառավարությունը բարձր մակարդակով կանցկացնի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
ՀՀ կառավարությունը բարձր մակարդակով կանցկացնի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովը վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երկուշաբթի իր առաջին նիստի ժամանակ քննարկել է միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հարցը:

«Հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի և Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձևով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Այս աշխատանքները սկսել ենք դեռևս անցած տարվանից, երբ նախարարությունները և գերատեսչությունները, ծրագրելով 2010 թվականի իրենց աշխատանքները, Ցեղասպանության 95-րդ տարելիցի կազմակերպման առաջարկություններ են ներկայացրել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար կառավարության մամուլի ծառայությունից մեջբերեցին վարչապետի խոսքերը:

Ըստ վարչապետի՝ բացի այդ, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի:

«Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար, հասկանալի է, որ մեզանից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»,- նշել է Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաև այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ:

Հանձնաժողովի անդամները վարչապետին են ներկայացրել մի շարք առաջարկություններ նոր միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Նիստի ավարտին կառավարության ղեկավարը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել բոլոր առաջարկությունները` նշելով, որ  դրանք կամփոփվեն մեկ ամբողջական ծրագրում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-