Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ բանակցային գործընթացում ԼՂՀ-ին ներգրավելու համար

22.03.2010, 14:04
Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ բանակցային գործընթացում ԼՂՀ-ին ներգրավելու համար

Հայաստանը կկիրառի բոլոր միջոցները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԼՂՀ-ին ներգրավելու համար, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Ղարաբաղյան հարցում փակուղին կայանում է նրանում, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից: Մենք աշխատելու ենք և կիրառելու ենք բոլոր միջոցները բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու համար», - ասաց Զոհրաբյանը:

Նա ավելացրեց, որ առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի կարծիքը՝ անհնար է լուծել հակամարտությունը: Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ԼՂՀ-ին ներգրավելուց հետո հնարավոր կլինի Ադրբեջանի հետ գտնել խնդրի լուծումը:

Զոհրաբյանը նաև սխալմունք համարեց Հայաստանի նախորդ իշխանությունների որոշումը, որոնք, ենթարկվելով Ադրբեջանի ճնշմանը, համաձայնվել են բանակցություններ վարել առանց ԼՂՀ-ի մասնակցության:

Նա նաև մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ներկա իշխանությունների մեղքով փակուղի է մտել:

«Ես երբեմն զարմանում են մեր արտգործնախարարության նախկին ղեկավարի հայտարարություններից: Տարօրինակ է, երբ Վարդան Օսկանյանը խոսում է բանակցային գործընթացի ձախողման մասին, չէ՞ որ տասը տարի հենց նա է մեր թիմի հետ միասին ներկայացրել արտաքին քաղաքականությունն ու բանակցությունները, և եթե կան ձախողումներ և անհաջողություններ, ապա ամենամեծ անձնական պատասխանատվությունը ընկած է նրա վրա», - նշեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-