«Արմմոնո» փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Կապանում

19.03.2010, 18:24
«Արմմոնո» փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Կապանում
«Արմմոնո» փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Կապանում

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ոչ միայն Երևանում, այլ նաև Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։  

«Արմմոնո» փառատոնը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել։ Մի գաղտնիք եմ ցանկանում բացել, այս տարի նախատեսվում է նաև մոնոներկայացումների փառատոն անցկացնել Կապանում։ Մենք արդեն համապատասխան պայմանավորվածություն ունենք Կապանի քաղաքապետի հետ մայիսի վերջին այնտեղ փառատոնի անցկացման վերաբերյալ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Մոնոներկայացումների միջազգային ութերորդ փառատոնն անցկացվում է Երևանում մարտի 17-24-ին Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ֆինանսական աջակցությամբ։

Ինչպես նշեց Մխիթարյանը, ներկայիս փառատոնը կարելի է «աստղային» անվանել, քանի որ այս տարի միջոցառմանը մասնակցում են ավելի մեծ թվով մոնոներկայացումների տաղանդավոր և հանրահայտ կատարողներ։

Երևանում «Արմմոնո» փառատոնին կներկայացվի 18 բեմադրություն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Սերբիայի դերասանների կատարմամբ:

 «Մոնոներկայացումն այլ ժանրերից տարբերվում է նրանով, որ այն իրենից ներկայացնում է դերասանին հանդիսատեսի հետ միացնող վոլտային մի թել։ Սա էլիտար ժանր է, և մեր խնդիրն է այս տարի բացահայտել մոնոներկայացումը հանդիսատեսի լայն շրջանակի համար»,- ընդգծեց Մխիթարյանը։

Իր հերթին մոնոներկայացումների միջազգային ֆորումի ((ITI) Unesco) փոխտնօրեն Նինա Մազուրն ասաց, որ մոնոներկայացումը խոշոր պլան է դերասանի համար։ «Մոնոներկայացման ժանրի մասին բազմաթիվ կարծիքներ կան, բայց բոլոր դրամատուրգները համակարծիք են մի դեպքում։ Հիշենք Միքելանջելո Անտոնիոնիի «Blow up» ֆիլմը, երբ գլխավոր հերոսը դիակ է տեսնում թփերում։ Եթե դերասանն ասելու ոչինչ չունի մոնոներկայացման մեջ, ապա նա ինքն է դառնում թփերում գտնված դիակը»,- ասաց Մազուրը։

Վրոցլավում մոնոփառատոնի ղեկավար Վեցլավ Գերասի կարծիքով, իսկական մոնոներկայացումը հեղինակային մոնոներկայացումն է՝ գրված և կատարած նույն դերասանի կողմից։ «Մենք Լեհաստանում գնահատում ենք այն դերասանին, ով իր ողջ ռեկվիզիտը մի պայուսակում է կրում»,- ասաց Գերասը։

Այսօր մոնոներկայացումը մեծ ճանաչում ունի Եվրոպայի երկրներում: Մոնոներկայացումների բազմաթիվ ժանրեր կան, մասնավորապես համր մոնոներկայացումն ու մոնոներկայացում-մենախոսությունը: Սակայն դրանց թվին չեն դասվում մի դերասանի կատարմամբ կրկեսային և վոկալային համարները: «Արմմոնո» մոնոներկայացումների առաջին միջազգային փառատոնը կազմակերպվել է 2003 թվականին Երևանում:--0-