Հայաստանի նախագահը Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր կապը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հիմքերից մեկն է համարում

17.03.2010, 20:04
Հայաստանի նախագահը Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր կապը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հիմքերից մեկն է համարում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամուր հոգևոր կապը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հիմքերից մեկն է, չորեքշաբթի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգևոր կապը:

Ողջունելով Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, և մեր հարաբերությունները զարգանում են, համապատասխանաբար, շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային խնդիրներին»:

Իր հերթին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարևոր է նաև մարդկային գործոնը:

Կիրիլ Պատրիարքի խոսքով՝ քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում «քաղաքական մտքի, գործարարները` հանապազօրյա խնդիրների, իսկ հոգևորականները` սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաև բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում»:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի և եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաև նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ՀՀ նախագահը, Համայն Ռուսիո Պատրիարքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգևոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջև բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգևոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ:-0-