Հայ և Ռուս եկեղեցիների դարավոր հարաբերությունները քրիստոնեական եղբայրության ոգով են լցված. Գարեգին Բ

16.03.2010, 20:07
Հայ և Ռուս եկեղեցիների դարավոր հարաբերությունները քրիստոնեական եղբայրության ոգով են լցված. Գարեգին Բ
Հայ և Ռուս եկեղեցիների դարավոր հարաբերությունները քրիստոնեական եղբայրության ոգով են լցված. Գարեգին Բ

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների դարավոր հարաբերությունները քրիստոնեական եղբայրության ու համագործակցության ոգով են լցված, երեքշաբթի ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդարանում ողջունելով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:   

«Ձեր այցը, անկասկած, այս Աստվածահաճո իրականության հաստատումն է: Եղբայրական փոխհարաբերությունների ամրապնդումը մեր օրերում անհրաժեշտություն է, հատկապես երբ մեր երկրները՝ ՌԴ և ՀՀ, և մեր եկեղեցիները, թոթափելով անաստվածության լուծը, կանգնած են գլոբալիզացիայի նոր մարտահրավերների ու տագնապալի խնդիրների առաջ»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ըստ նրա, երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու եղբայրական սիրո և եկեղեցիների ու պետությունների համագործակցության նոր ապացույց կդառնան երկու երկրների մայրաքաղաքներում կառուցվող Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների տաճարները:

«Քրիստոսահիմն և լուսավորչահաստատ Մայր Տաճարում ողջունելով Կիրիլ Պատրիարքի ուրախառիթ այցը Հայաստան սկսվում է աղոթքով միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղոթքը գրավականն է և վկայությունը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ միասնության, այն ոգին է քրիստոնեական եղբայրության, երբ մենք, որպես մեկ երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն`«Հայր մեր, որ երկնքում ես»»,-նշեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը:

Գարեգին Բ-ն նշեց. «Ձերդ Սրբություն, այս օրերին մեր եկեղեցին և մեր ժողովուրդը պիտի վայելեն Ձեր սերն ու օրհնությունը, աղոթքն ու զորակցությունը` փոխադարձաբար մատուցելով Ձեզ և Ձեր անձի միջոցով հայ ժողովրդի անվերապահ սերը և երախտագիտության ջերմ զգացումները հանդեպ Ռուս Եկեղեցին, ռուս մեծ ժողովուրդը և Ռուսաստանի պետությունը, որ դարեր շարունակ սիրով և եղբայրաբար ընդունել և շարունակում են հյուրընկալել և եղբայրական հոգատարություն ցուցաբերել բազնահազար հայորդիների, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնության սահմաններում»:

«Այսօր, որպես Ամենայն հայոց կաթողիկոս, օգտվելով առիթից դարձյալ երախտիքի ու գնահատանքի ջերմ խոսքեր եմ արտահայտում ՌԴ-ում ապրող հայերի հանդեպ Աստվահաճո վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ այսօր ծաղկում է Ռուսաստանի հայկական համայնքը՝ ամենմեծն ու հաստատվածը Հայաստանից դուրս, որի անդամները, որպես ՌԴ օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ, բարի գործերով մասնակցում են իրենց ապաստան տված օրհնյալ երկրի վերածնմանը»,- ասաց Գարեգին Բ-ը:   

«Ձերդ Պայծառափայլություն Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպության ու հոգևորականության, Սուրբ Էջմիածնի եղբայրության, անձնակազմի ու հավատացյալ ժողովրդի անունից Ձեզ և Ձեր պատվարժան պատվիրակությանը բարի գալուստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասաց Գարեգին երկրորդը: -0-