Վերանայված Մադրիդյան սկզբունքներում շեշտադրումներն անընդունելի են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար

16.03.2010, 18:41
Վերանայված Մադրիդյան սկզբունքներում շեշտադրումներն անընդունելի են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վերանայված Մադրիդյան սկզբունքներում շեշտադրումները թուլացված են և անընդունելի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, երեքշաբթի լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Վերջին շրջանում առաջարկվող վերանայված սկզբունքների չակերտները բացվել են: Այստեղ կա մեզ համար երկու կարևոր կետ: Առաջինը՝ հանրաքվեի հետ կապված շեշտադրումը թուլացվում է: Առաջին պլան է մղվում Ղարաբաղի միջանկյալ վիճակի գաղափարը: Եվ երկրորդ նրբությունը կապված է խաղաղապահ ուժերի հետ, որոնք պետք է տեղաբաշխվեն տարածաշրջանում»,- ասաց Գրիգորյանը:

Վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքերով, առաջարկների առաջին կետի համաձայն, պետք է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքներ ստեղծվեն: Մյուս կողմից, խոսքը խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է, սակայն թե ինչ ուժերի՝ անհայտ է:    

Այսպիսով, Գրիգորյանի խոսքերով, ստեղծվում է իրավիճակ, երբ Հայաստանին պահանջներ են ներկայացվում, որոնց փոխարեն ոչինչ չի առաջարկվում:

Գրիգորյանի խոսքերով, այդ դեպքում Հայաստանը կարող է կամ կոշտ քաղաքական դիրք ընդունել, կամ օգտվել ավելի արդյունավետ միջոցից և պնդել, որ շրջանակային համաձայնագիրն անփոփոխ մնա, որտեղ կամրագրվեն նախկին Մադրիդյան սկզբունքները, որոնք համապատասխանում են Հայաստանի ու ԼՂՀ շահերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-