Թուրքական քաղաքական վերնախավը պետք է հաշտվի իր պատմության հետ. ՀՀԿ խմբակցության քարտուղար

12.03.2010, 12:52
Թուրքական քաղաքական վերնախավը պետք է հաշտվի իր պատմության հետ. ՀՀԿ խմբակցության քարտուղար
Թուրքական քաղաքական վերնախավը պետք է հաշտվի իր պատմության հետ. ՀՀԿ խմբակցության քարտուղար

Թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է հաշտվեն իրենց պատմության հետ, ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արտահայտություններն այն մասին, որ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունող երկրները վախենում են պատմությունից:

«Իմ կարծիքով՝ թուրքական քաղաքական վերնախավի ու վարչապետ Էրդողանի մոտ ևս մեկ անգամ ցայտուն կերպով երևաց այս հարցի հետ կապված բարդույթը: Մենք ուզում ենք, որպեսզի թուրք ժողովուրդն ու Թուրքիայի քաղաքական վերնախավը հաշտվեն իրենց պատմության հետ, ուղիղ նայեն պատմության աչքերին և չվախենան նրանից», - ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի հարևան երկիրը, որտեղ կա 301-րդ հոդված (որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության հիշատակման համար), որտեղ տաբու է դրված Հայոց ցեղասպանության հիշատակման վրա, ազատվի իր սեփական պատմության հետ կապված բարդույթից:

«Նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը կօգնի թուրք ժողովրդին ձերբազատվել այդ բարդույթից, ճանաչել իր սեփական պատմությունը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտվել այդ պատմության հետ», - ասաց Շարմազանովը:

Շարմազանովը նշեց նաև, որ նախօրեին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված որոշմամբ հօդս ցնդեցին մեր քաղաքական ընդդիմախոսների հայտարարություններն այն մասին, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականության արդյունքում (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում) կանգ է առել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

«Մենք տեսանք, որ դա այդպես չէ: Ավելին, այս վերջին երկու տարվա ընթացքում նախագահի շնորհիվ Ցեղասպանության ճանաչումն ավելի մեծ թափ հավաքեց: Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը տարբեր միջազգային ամբիոններից, հարցազրույցներում և տարբեր համաշխարհային առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսների ժամանակ ավելի շատ խոսեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորության մասին», - նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

«Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր թափ է հավաքել: Դա կապված է թե նախագահի նախաձեռնող քաղաքականության և թե մեր միջազգային գործընկերների գործունեության հետ, և բնականաբար, պետք չէ թերագնահատել նաև հայկական սփյուռքը», - ասաց Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել և հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչումով մենք կկանխենք դրա կրկնությունը:

«Սա ոչ միայն հայանպաստ, այլև հումանիստական քայլ է: Ողջ համաշխարհային հանրությունը և առաջին հերթին մեր թուրք գործընկերները չպետք է վախենան պատմությունից: Առանց հաշտվելու պատմության հետ հնարավոր չէ առաջ շարժվել», - նշեց Շարմազանովը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի ցեղասպանություն են ճանաչել  1915 թ.-ին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շվեդական SR ռադիոկայանին, «կարմիր-կանաչ» ընդդիմության առաջարկով ընդունված որոշումն անսպասելի էր կառավարության համար:

Ինչպես պարզաբանում են լրագրողները, բուրժուական կուսակցությունները չեն աջակցել առաջարկին՝ կարծելով, որ «քաղաքական գործիչները չպետք է պատմություն գրեն»:

Այնուամենայնիվ, ընդդիմության առաջարկին «կողմ» են քվեարկել բուրժուական կուսակցությունների որոշ պատգամավորներ, ինչը հանգեցրել է բանաձևի ընդունմանը: Ընդդիմության առաջարկին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝ 130 պատգամավոր, 88-ը ձեռնպահ են մնացել:

Թուրքիայի դեսպանը՝ ի նշան բողոքի Շվեդիայի խորհրարանի որոշման դեմ, արդեն ետ է կանչվել Թուրքիա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:-0-