ՀՀ նախագահը պաշտոնական այցով կլինի Ռումինիայում

10.03.2010, 14:29
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կլինի Ռումինիայում
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կլինի Ռումինիայում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ.-ին պաշտոնական այցով կլինի Ռումինիայում, այս մասին խոսվել է Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի և Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հանդիպման ժամանակ:

Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահն ընդգծել է Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար:

Զրուցակիցները երկուստեք համոզմունք են հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը Ռումինիա մեծապես կնպաստի հայ-ռումինական համագործակցության հետագա զարգացմանը: 

Նախագահ Բասեսկուի խնդրանքով դեսպան Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ռումինական իշխանություններին իր առաքելության իրականացման տարիներին ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:

Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարևորությունը երկկողմ հարաբերություններում, և խոսվել է հնարավոր նոր ծրագրերի մասին:

Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելի հետ ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ և ռումին քույր եկեղեցիների միջև ավանդական կապերի և դրանց հեռանկարների վերաբերյալ:-0-