ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական կարգավորման գործընթացին. Քլինթոն

05.03.2010, 19:49
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական կարգավորման գործընթացին. Քլինթոն
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական կարգավորման գործընթացին. Քլինթոն

ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, Կոստա Ռիկայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը:

Քլինթոնը հայտարարել է, որ չնայած նախագահ Բարաք Օբամայի վարչախումբը մինչև իշխանության գալն աջակցել է Ցեղասպանության ճանաչմանը, «այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է»: 

«Երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, ես և նախագահ Օբաման մեր աջակցությունը հայտնեցինք այս առնչությամբ, և մենք սատարում ենք նորմալացման գործընթացին: Ցյուրիխյան արձանագրություններում դեպքերի հետազոտմամբ զբաղվող պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագիր կա: Կարծում եմ, որ երրորդ երկրները չէ, որ պետք է քննարկեն, թե այս երկու երկրներն ինչպես պետք է լուծեն միմյանց միջև առկա խնդիրները: Եվ այս համատեքստում ԱՄՆ ձեռնարկած քայլերը կարող են խանգարել գործընթացին»,- ասաց պետքարտուղարը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Քլինթոնի խոսքերով, և նա, և նախագահ Օբաման բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում Կոնգրեսի ձեռնարկած քայլերի արդյունավետությանը, և իրենք դեմ են դրան:

Տվյալ հայտարարությունը մեկնաբանելով՝ ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանն ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ենթահանձնաժողովի ստեղծումը կոչված չէ քննարկելու Ցեղասպանության հարցը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-