Եվրոպայի հայերը կօգնեն ԱՄՆ-ի հայ լոբբիստներին ամերիկյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում

05.03.2010, 13:10
Եվրոպայի հայերը կօգնեն ԱՄՆ-ի հայ լոբբիստներին ամերիկյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում
Եվրոպայի հայերը կօգնեն ԱՄՆ-ի հայ լոբբիստներին ամերիկյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) խոստանում է առավելագույնս աջակցել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպություններին ամերիկյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման գործում:

«Մինչ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբբիստներին սատարելու և ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար», - ասել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Կոնգրեսականները, փաստորեն, կոչ են անում ԱՄՆ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տարածված հայտարարության մեջ կազմակերպությունը շնորհավորում է աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ համատեղ ձեռք բերված լուրջ հաղթանակի առթիվ:

ԵՀՄՖ-ի նախագահը կարևորում է այն հանգամանքը, որ առաջին անգամ համաշխարհային հայկական լոբբինգը (հատկապես ամերիկյանը ու եվրոպականը) և Հայաստանի իշխանությունները (և կոալիցիան, և ընդդիմությունը) գործեցին միասնաբար:

«Այս հաղթանակը պետք է մեզ օրինակ ծառայի հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծման ժամանակ. մեր ուժը մեր միասնության մեջ է», - ասվում է հայտարարության  մեջ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-