ՀՀ ԱԳՆ կարծում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթացը դժվար է առանց թուրքական դիրքորոշման վերանայման

04.03.2010, 20:04
ՀՀ ԱԳՆ կարծում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթացը դժվար է առանց թուրքական դիրքորոշման վերանայման
ՀՀ ԱԳՆ կարծում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթացը դժվար է առանց թուրքական դիրքորոշման վերանայման

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ առանց թուրքական դիրքորոշման վերանայման՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթացը դժվար է:

Ինչպես հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանն այսպես է մեկնաբանել իր թուրք գործընկեր Ահմեդ դավութօղլու հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները կարող են վավերացվել երեք օրում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում: Բացի այդ, Դավութօղլուն սպառնացել է դադարեցնել գործընթացը:    

«Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները և դա չի արել:

 Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր»,- ասել է Նալբանդյանը:

«Այսինքն Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնց  մասին հստակ ասվում է դեռևս 2009թ. օգոստոսի  31-ի Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Եվ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ:

«Նախապայմանների լեզվին, ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»,-ասել է Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-