Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. պատգամավոր

01.03.2010, 15:52
Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. պատգամավոր
Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. պատգամավոր

Ադրբեջանն իրականում պատրաստ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կոալիցիոն խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:  

«Ինչու մի երկիր, որը բաց սրտով ու մաքուր մտքերով ուզում է համաձայնության ու հակամարտության փոխհամաձայնեցված լուծման գալ, այսպես սրում է իր վարքագիծը քաղաքական դաշտում՝ կրկնելով վերջին 18 տարում օգտագործվող խոսքերն ու արտահայտությունները: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հակամարատության փոխզիջումային լուծմանը»,- ասաց Սաֆարյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:  

Ինչպես նշեց պատգամավորը, ադրբեջանական կողմի մշտական հայտարարությունները, որոնք արդեն բավականին հոգնեցրել են եվրոպացի դիտորդներին, պատգամավորներին, քաղաքական օղակներին, շարունակվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղղակի կարգադրությամբ ու պահանջով:   

Ընդ որում Սաֆարյանը հիշեցրեց, որ վերջին ամիսներին ադրբեջանական քարոզչությունը, ԱԳՆ խորհրդարանական ուժերի ու ռեսուրսների հետ համատեղ, բազմապատկել է Հայաստանին վարկաբեկելու, նրան որպես ագրեսոր, թշնամական երկիր ներկայացնելու իր ջանքերը, ինչի վրա բավականաչափ նյութական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ է ծախսում:

Ընդ որում հայկական խորհրդարանի պատգամավորն ասաց, որ ավելի վաղ արդեն առաջարկել է ՀՀ ԱԺ-ում ստեղծել խորհրդակցություն՝ հինգ հիմնական խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որի նպատակը կլինի հանրապետության ջանքերի ու քաղաքական մոտեցումների համակարգումը եվրոպական միջազգային կառույցներում:

Ըստ նրա, 1988թ.-ին սկսված Ղարաբաղյան շարժումը ամենևին էլ միայն ղարաբաղցիների ու իշխանությունների խնդիրը չէ, այլ մի խնդիր է, որը բխում է ողջ հայ հասարակության շահերից:

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կարծում է, որ նման խորհրարանական կառույցը նման ծանր իրավիճակում թույլ կտա հայկական կողմին, չնայած ադրբեջանական կողմի մեծ ֆինանսական ու մարդկային ծախսերին, համակարգել իր քայլերը, որպեսզի Հայաստանն առավելագույնս արդյունավետ ու նպատակաուղղված լինի:   

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-