«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում փետրվարի 28-ին

26.02.2010, 18:08
«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում փետրվարի 28-ին
«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում փետրվարի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Սովորական ցեղասպանություն։ Սումգայիթ, փետրվար, 1988» վավերագրական ֆիլմը կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում փետրվարի 28-ին՝ սումգայիթյան ողբերգության հերթական տարելիցի օրերին։

Ինչպես ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրությունում, հեռուստադիտողին կներկայացվի ֆիլմի կարճ տարբերակը։ Ֆիլմի ամբողջական տարբերակի ցուցադրությունը նախատեսված է մարտի վերջին։

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքերով՝ այս շարքի՝ 1990 թվականին Բաքվում հայերի հունվարյան ցեղասպանությանը նվիրված առաջին ֆիլմն արդեն ներկայացվել է դիվանագիտական ներկայացուցչություններում, համալսարաններում, գիտական հաստատություններում, աշխարհի շատ երկրների վերլուծական կենտրոններում, ինչպես նաև լայնորեն տարածվում է սեղմասկավառակների տեսքով։ Տարբեր ինտերնետ-կայքերում տեղադրված են ֆիլմի հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն տարբերակները։

Սումգաիթի ողբերգության օրերին հայերի կոտորածների մասին ֆիլմը կրկին կցուցադրվի ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա ալիքներով։

««Սումգայիթի» դեմքն այնքան սարսափելի է, որ նույնիսկ այսօր՝ 22 տարի անց, մենք չենք համարձակվում հրապարակել այն բոլոր մանրամասները, որ իրականացնում էին Սումգայիթի փողոցներում մարդկային դեմքը կորցրած բարբարոսները,- ասում է Գրիգորյանը։ Մենք ֆիլմ-մեղադրանք ենք նկարահանել։ Մեղադրանք 1988 թվականի փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանում մարդկության դեմ կատարված և մինչև օրս իրավական և քաղաքական գնահատական չստացած հանցագործության դեմ։ Միաժամանակ ես կարծում եմ, որ շատ կարևոր է նաև ցույց տալ «սումգայիթի» մյուս կողմը՝ հայերի հարկադրական ինքնապաշտպանության օրինակները, ովքեր մի քանի ժամերի ընթացքում, գործնականորեն առանց զենքի, պաշտպանում էին իրենց ընտանիքները գազազած ամբոխից և զոհվում որպես հերոսներ»։ -0-