ԱՄՆ պետքարտուղարը դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը

26.02.2010, 15:04
ԱՄՆ պետքարտուղարը դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ԱՄՆ պետքարտուղարը դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին Կոնգրեսում հարցերին պատասխանելիս կողմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն լռել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասվում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կայքում:

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն ինչ գործընթացի հաջողության և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար», - ասվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ Քլինթոնը ոչինչ չի պատասխանել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հնարավոր ընդունմանը վերաբերող հարցին:

«Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ չէ այդ բանաձևի ընդունմանը», - ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին: Այս պահին բանաձևին աջակցում է 135 կոնգրեսական:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:-0-