Հարսանյաց հանդեսի հոսպիտալացված մասնակիցները դուրս են գրվել

22.02.2010, 16:38
Հարսանյաց հանդեսի հոսպիտալացված մասնակիցները դուրս են գրվել

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված մասնակիցները դուրս են գրվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարությունից։  

Փետրվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ էր ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից առ այն, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել «Նաիրի» ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցներ: Հիվանդներին տրվեց նախնական ախտորոշում՝ սննդային թունավորում։

Ահազանգից հետո Գյումրի դուրս եկավ բժիշկների խումբ, ովքեր տեղի մասնագետների հետ համատեղ կազմակերպեցին հիվանդների ստացիոնար բուժումը, իրականացվեցին նաև հակահամաճարակային միջոցառումներ:

Վարակի փոխանցման հավանական գործոնն, ըստ հաղորդագրության,  սնունդն է։

«Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Հանրային սննդի կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Օգտագործված սննդամթերքից վերցված նմուշները լաբորատոր փորձաքննության փուլում են: Իրավիճակը վերահսկվում է: -0-