Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

19.02.2010, 12:42
Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ, ուրբաթ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:

«Իրանը կաջակցի տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնության: Մենք կարևորում ենք Հայաստանի և հարևան երկրների՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը», - ասաց դեսպանը:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է շատ ջանք գործադրել հակամարտությունները կարգավորելու համար, ինչով շահագրգռված են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները: «Մենք կուղղենք մեր ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարեց Սահայանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ նա ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկար պատմություն ունի, և Իրանը շատ ջանքեր է գործադրել այդ հակամարտությունը լուծելու համար:

«Իրանը միշտ շահագրգռված է եղել երկխոսության միջոցով հակամարտության լուծմամբ, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ավելացրել է դեսպանը՝ բացառելով Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանային կայունությունը կնպաստի հեռահաղորդակցությունների զարգացմանը և որպես հետևանք՝ տարածաշրջանում տնտեսական զարգացմանը:-0-