ՄՊՀ մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում

18.02.2010, 17:47
ՄՊՀ մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում
ՄՊՀ մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը և հեռանկարները քննարկվել էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ դեռևս անցյալ նոյեմբեր ամսին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Հինգշաբթի Աշոտյանն այս հարցը քննարկեց Երևան ժամանած Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Նիկոլայ Սյոմինի և ուսումնական գծով պրոռեկտոր Նիկիտա Անիսիմովի հետ:

Նախարարը շեշտեց, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:

Նախարարը նշեց, որ և հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Համագործակցությունը կրթության ոլորտում մեր երկու երկրների համար համարվում է գերակա ուղղություն, և բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումն այսօր հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրը»,- նշեց Աշոտյանը

Իր հերթին Սյոմինը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի խոր արմատներ և ձևավորված ավանդույթներ:

«Վստահ եմ, որ այս համագործակցությունը երկու երկրների միջև արդյունավետ կլինի ոչ միայն գիտակրթական, այլ նաև սոցիալական  և մշակութային ինտեգրման տեսանկյունից: Բարձրակարգ կադրերի պատրաստման տեսանկյունից սա նոր, շատ կարևոր և, հուսով եմ, շարունակական քայլ է, որը թույլ կտա ավելի բարձրացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»,- նշեց ՄՊՀ պրոռեկտորը:-0-