Նա, ով Ադրբեջանին կվերադարձնի ազատագրված տարածքները, առնվազն դավաճան կլինի. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար

16.02.2010, 17:26
Նա, ով Ադրբեջանին կվերադարձնի ազատագրված տարածքները, առնվազն դավաճան կլինի. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար

Նա, ով Ադրբեջանին կվերադարձնի ազատագրված տարածքները, առնվազն հայ ժողովրդի դավաճանը կլինի, երեքշաբթի հայտարարեց «Երկրապահ» կամավորականների միության վարչության ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

«Ով էլ դա անի, ով ուզում է լինի, նա առնվազն դավաճան կլինի: Եթե դա այսօր չասեն, ապա 10-20 տարի հետո կասեն: Դավաճանի պիտակը նրա, նրա երեխաների ու թոռների վրա կլինի»,- ասաց նա:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների մասին, որտեղ խաղաղ համաձայնագրի պայմաններից մեկը Ադրբեջանին ազատագրված տարածքները վերադարձնելն է ԼՂՀ կարգավիճակի դիմաց, Գրիգորյանը հայտարարեց. «Ի՞նչ փոխզիջումներ: Մարդիկ նվաճել են իրենց անկախությունը, ձեռք են բերել այն օրինական մեթոդներով, և դրա համար արդյուն են թափել: Ես սա աբսուրդ եմ համարում»:  

Նա հավելեց նաև, որ չի կարծում, որ նախագահ Սերժ Սարգսյանը «կտա այդ տարածքները՝ չնայած տարվող բանակցություններին»:

«Ինչ-որ մեկը պե՞տք է խոսի այդ մասին: Մինչև Սերժ Սարգսյանը այս մասին արդեն խոսում էին՝ սկսած Լևոնից, Վազգենից և Ռոբերտից: Տարբեր ժամանակներում բոլորն այս մասին խոսել են, բայց ո՞վ է տվել այդ տարածքները»,- ընդգծեց նա:

«Երկրապահ» կամավորականների միություն հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Տվյալ պահին դրա կազմում է ավելի քան 10 հազ մարդ, որոնց մեծամասնությունը՝ Ղարաբաղյան պատերազմի վետերաններ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-