ԵԿՄ-ն կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը

16.02.2010, 13:43
ԵԿՄ-ն կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը

«Երկրապահ» կամավորականների միությունը, որը միավորում է ղարաբաղյան պատերազմի վետերաններին, դեմ չէ առանց որևէ նախապայմանի հայ-թուրքական սահմանի բացմանը, «Երկրապահի» 8-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարեց Միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

«Եթե նախապայմանների հարց դրվի, ապա առաջինը, ով պետք է դրանք առաջադրի, հայ ժողովուրդն է, քանի որ մեր Հայրենիքի մեծ մասը Ցեղասպանության հետևանքով գերի է վերցվել», - հայտարարեց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Նստաշրջանի բացման ժամանակ «Երկրապահ» միության հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայր, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ «Երկրապահի» հաջորդ նստաշրջանը կլինի արտահերթ, և այն կապված կլինի արտաքին-քաղաքական հարցերի հետ:

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Այս պահի դրությամբ Միության կազմում ներառված են ավելի քան 10 հազար մարդ, որոնց մեծամասնությունը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են:-0-