Հայաստանի նախագահը մասնակցել է Դիվանագիտական ակադեմիայի բացմանը

15.02.2010, 18:43
Հայաստանի նախագահը մասնակցել է Դիվանագիտական ակադեմիայի բացմանը
Հայաստանի նախագահը մասնակցել է Դիվանագիտական ակադեմիայի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Դիվանագիտական ակադեմիայի բացմանը։

 

Բացման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է հյուրերին և ակադեմիայի առաջին ուսանողներին։

«Առաջինը լինելը հեղինակավոր է և շատ պատասխանատու։ Դուք պետք է գիտակցեք, որ դիվանագետի աշխատանքը ենթադրում է իր հայրենիքին ամեն րոպե ծառայելը»,- ասաց նախարարը, նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի պարապմունքներին կմասնակցեն 150 հայտ ներկայացրած անձանցից 25 ուսանողներ, ովքեր ընտրվել են եռափուլ մրցույթից հետո։

Ըստ նրա, դիվանագետի առաքելությունը նաև Հայաստանի բարեկամների թիվն ավելացնելն է։ «Հաճախ քողի տակ չի երևում այն քրտնաջան աշխատանքը, որը դրված է դիվանագետի վրա։ Դիվանագետի աշխատանքը կարելի է համեմատել զինծառայության հետ, միայն մի տարբերությամբ, որ դիվանագետի զենքն իր գիտելիքներն են։ Հենց այդ գիտելիքները ստանալու համար էլ հիմնվել է այս ակադեմիան»,- ասաց Նալբանդյանը։

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու դիվանագիտական արվեստին, բանակցությունների վարելու հմտություններին, Հայաստանի դիրքորոշմանը արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին։

Նախարարը հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայում Հայաստանի ԱԳՆ առաջարկին արդեն արձագանքել են Ռուսաստանի, Եվրոպայի մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի գործընկերները։ «Այդ երկրների առաջատար գիտական և կրթական կենտրոնների հմուտ մասնագետները, դիվանագետներն ու փորձագետները կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով ապագա հայ դիվանագետների հետ»,- ասաց նա։

Նալբանդյանի խոսքերով, մի շարք երկրներ, որոնց թվում են Շվեյցարիան, Ռուսաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Ֆինլանդիան և այլ պետություններ, արդեն համաձայնություն են տվել իրենց մասնագետներին ակադեմիայում դասախոսություններ կարդալու առաջարկին։

«Այս ակադեմիայի հիմքը շատ կարևոր է մեր երկրի համար, և ձեր դերը, որպես առաջին ուսանողների, որոշիչ կլինի նրա պատմության մեջ»,- ավելացրեց նախարարը։

Դիվանագիտական ակադեմիան հիմնվել է ԵՄ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակների ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ։ -0-