Հայ ժողովուրդը խարույկն այլևս չի ընկալում որպես հեթանոսության մնացուկ. ազգագրագետ

12.02.2010, 17:40
Հայ ժողովուրդը խարույկն այլևս չի ընկալում որպես հեթանոսության մնացուկ. ազգագրագետ

Հայ ժողովուրդն այլևս Տեառնընդառաջին վառվող խարույկը չի ընկալում որպես հեթանոսության մնացուկ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Տեառնընդառաջին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ինչպես նշեց ազգագրագետը, Տեառնընդառաջը ժողովրդական մշակույթի կարևոր տարր է, մարդիկ սովորել են նշել այն այդ օրը որպես ցեղը միավորող ավանդական ընտանեկան տոն:   

Ըստ նրա, տոնի հիմնական տարրը խարույկն է և պարը՝ դրա շուրջ, որը նորապսակների մաքրազտում և օրհնում է խորհրդանշում:

«Վերջին շրջանում խարույկը բնակչության կողմից արդեն չի ընկալվում որպես հեթանոսության մնացուկ և կրակի երկրպագում: Սա արդեն երկար տարիներ պահպանված ավանդույթ է, սակայն որպես պատկեր, խարույկն այսօր ընկալվում է որպես Աստծո կողմից օրհնման ու լույսի աղբյուր»,- ասաց Աբրահամյանը:

Ընդ որում նա նշեց, որ ժողովրդական ավանդույթների համաձայն, այս օրը նշում են ոչ միայն որպես տոնական, այլև այն օրացույցում գրանցվել է որպես ազգային տոն, ինչն ապացուցում է տոնի հանդեպ ժողովրդի լուրջ մոտեցումը:

Ըստ նրա, այս օրվան հատուկ է նաև հյուրասիրությունը, քանի որ ոչ միայն տոնական սեղան էր գցվում, այլև պատրաստվում էին հատուկ ազգային ճաշատեսակներ, որոնցով պատվում էին բոլոր հյուրերին:  

Նման ազգային ճաշատեսակների թվում նա նշեց «փոխինդը»՝ բովված ցորենի ալյուրի պատրաստված ազգային շիլան՝ եփված մեղրով կամ դոշաբով, ինչպես նաև տարբեր ճաշատեսակներ չորացրած մրգերից:

Իր հերթին Սբ. Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգի ղեկավարի տեղակալ, Մեսրոպ աբեղա Պարսամյանը նշեց, որ հայերի համար, որպես քրիստոնյա ժողովրդի, Տեառնընդառաջը լույսի տոն է:

«Այս երեկո բոլոր հավատացյալները եկեղեցի են գալիս, օրհնյալ լույսը ստանալու, որից հետո իրենց տներում ու բակերում խարույկ են վառում, որի կրակն օրհնություն է բերում»,- ասաց Պարսամյանը:

Նա նշեց, որ մոմի լույսի գաղտնիքը կապված է եկեղեցական ավանդույթի հետ, համաձայն որի տաճարի Արևելյան դարպասները բացվել են, երբ Մարիամը Հիսուսի հետ տաճար է մտել, իսկ ժողովուրդը մոմերով ու ջահերով եկել է մեսիային տեսնելու: 

«Այդ ժամանակից ի վեր մենք կրկնում ենք այդ խորհրդանշական արարողությունը՝ մոմերով եկեղեցի այցելելով, դրանով իսկ մեր տներում լույս ու օրհնություն սփռելով»,- ասաց Պարսամյանը:

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծննդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:

Այս տարի Զատիկն ընկնում է ապրիլի 4-ին: -0-