Հայ-թուրքական սահմանի բացումը կվերացնի Հայաստանի մեկուսացումը. ԱՄՆ դեսպան

12.02.2010, 17:09
Հայ-թուրքական սահմանի բացումը կվերացնի Հայաստանի մեկուսացումը. ԱՄՆ դեսպան

Հայ-թուրքական սահմանի բացումը կվերացնի Հայաստանի մեկուսացումը, ուրբաթ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

«Բոլորին հուզում է երկրի զարգացումը և Հայաստանի հեռանկարները։ Մարդիկ հասկանում են, որ բաց սահմանները կվերացնեն Հայաստանի մեկուսացումը և կծառայեն ի բարօրություն աճող սերնդի»,- ասաց նա։

Միաժամանակ Յովանովիչը համոզմունք հայտնեց, որ «բոլորը կնկատեն» երկու երկրների միջև սահմանի բացման «դրական տնտեսական ազդեցությունը»։

Դեսպանը նշեց, որ ողջ աշխարհում փակ սահմանները և առևտրի սահմանափակումներն ավելի շուտ բացառություն են, քան նորմ։

«Եվ դա պարզ բացատրություն ունի՝ ժամանակի ընթացքում երկրները հասկացել են, որ փակ սահմանները չեն նպաստում նրանց շահերին, իսկ բաց սահմանները նպաստում են տնտեսության  ու առևտրի զարգացմանը և ամրապնդում են անվտանգությունը»,- ասաց նա՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հանրային քննարկումների ընթացքում: 

Ընդգծելով, որ ոչ ոք չի մոռանում անցյալը, Յովանովիչը նշեց ուշադրությունն ապագային սևեռելու անհրաժեշտությունը։

Դեսպանի խոսքերով, ռուս-վրացական պատերազմը հերթական անգամ հիշեցրեց կառավարություններին և հասարակ քաղաքացիներին, որ ոչ մի երկիր չպետք է կախված լինի ընդամենը մեկ տրանսպորտային միջանցքից, և ոչ մի երկիր չի կարող ինքնաբավ լինել և բարգավաճել մյուսի մեկուսացման հաշվին։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-