ՀՀ նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում. վարչապետ

12.02.2010, 13:11
ՀՀ նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում. վարչապետ
ՀՀ նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում. վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Եվ այսուհետ մենք գործ ունենք նոր իրականության հետ: Դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե ոչ, սակայն մենք բոլորս ստիպված ենք այսուհետ հաշվի նստել այն իրականության հետ, որ բարձր քաղաքական մակարդակի վրա հարաբերություններ հաստատելու համար նոր էջ է բացվել», - ուրբաթ ասաց նա՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հասարակական քննարկումների ժամանակ:

Սարգսյանը մեջբերել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված ՀՀ նախագահի ուղերձը և ասել, որ այն «հերթական անգամ հաստատում է այդ հարցում ՀՀ նախագահի վճռականությունը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին, որում նշել է, որ « հայ և թուրք ժողովուրդների`միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»:

«Միայն մեր գործի նկատմամբ հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք արդյունքի հասնել: Եթե մինչ օրս մեզ հաջողվել է երկկողմ շփումները հասցնել այն մակարդակի, որտեղից մեր երկու երկրների միջև նորմալ հարաբերությունների ապագա կառուցումը ավելի տեսանելի և զգալի է դառնում, ապա այսօր հասել է վճռականություն դրսևորելու, դեպի առաջ մեծ քայլ անելու պահը՝ ապագա սերունդներին փոխանցելով կայուն և անվտանգ տարածաշրջան», - նշվում է Սարգսյանի ուղերձում:

Այս կապակցությամբ վարչապետն ընդգծեց, որ այս պայմաններում Հայաստանի քաղաքական դիրքորոշումը պաշտպանում են ինչպես ԱՄՆ վարչակազմը, այնպես էլ Ռուսաստանն ու Եվրամիությունը:

«Բոլորը մեզ աջակցում են այդ ճանապարհով գնալու համար: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ դա խորը գիտակցված քայլ է», -ասաց նա:

Սարգսյանի խոսքերով՝ ՀՀ նախագահի ուղերձը վերացնում է բոլոր կասկածներն այն մասին, «որ դա քաղաքական խաղ չէ, այլ հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու անկեղծ ձգտում»:

Վարչապետն ընդգծեց, որ եկել է պահը, որպեսզի երկու երկրների նախագահները քաղաքական կամք դրսևորեն և առաջ շարժվեն՝ վավերացնելով արձանագրություններն ու բացելով սահմանները:

Միաժամանակ հարկ է համաձայնել այն բանի հետ, որ այս փուլում քաղաքական իշխանությունների հստակ դիրքորոշումից շատ բան է կախված: «Դա ինչպես հասարակությանը և քաղաքացիներին, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված ազդանշան է այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում ապագան», - եզրափակեց Սարգսյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-