Հայաստանը միջազգային պայմանագրերին իր մասնակցությունն ընդհատելու իրավունք կստանա

11.02.2010, 16:26
Հայաստանը միջազգային պայմանագրերին իր մասնակցությունն ընդհատելու իրավունք կստանա

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել միջազգային պայմանագրերին  մասնակցության ընդհատման իրավունք տրամադրող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ  կատարելուն:  

Ինչպես հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի՝ երկիրը ցանկացած ժամանակ` մինչև իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը։

«Քանի որ Հայաստանում սահմանված չէ այդ իրավունքի իրականացման գործընթացը, անհրաժեշտ է համալրել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքը: Այժմ մենք սահմանում ենք, որ մինչև միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը դրան»,- ասաց Քոչարյանը:

Ըստ փոփոխությունների՝ ՀՀ նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և իրավասու գերատեսչությունը։

Հայկական մամուլի վերջին հրապարակումների համաձայն՝ Հայաստանը կարող է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ուժի մեջ մտնելու գործընթացը դադարեցնել՝ Թուրքիայի կողմից մշտապես առաջ քաշվող նախապայմանների պատճառով: Հրապարակումների համաձայն՝ դրա համար Հայաստանի՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ:

Նախօրեին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հաստատվի հայկական կողմի կասկածն այն մասին, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգելն է, այլ ոչ թե հարաբերություններ հաստատելը, ապա Երևանը ստիպված կլինի դադարեցնել այդ գործընթացը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-