Ոստիկանությունն անում է հնարավորն ու անհնարինը փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը բացահայտելու համար

10.02.2010, 17:21
Ոստիկանությունն անում է հնարավորն ու անհնարինը փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը բացահայտելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության հետաքննությունը շարունակում է մնալ Ոստիկանության ուշադրության կենտրոնում, որն անում է հնարավորն ու անհնարինը այն բացահայտելու ուղղությամբ, ասաց Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

«Այդ գործը շարունակում է մնալ Ոստիկանության ուշադրության կենտրոնում և այդպես էլ կմնա մինչև չհաստատվեն բոլոր մեղավորները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, չկա որևէ հանցագործություն, որը վաղ թե ուշ չբացահայտվի, սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում քննվում են  հանցագործության բոլոր մանրամասները, ինչը բարդացնում է հետաքննությունը:

«Այդպիսին է նաև Մհերյանի գործը։ Այս գործով արդեն ձերբակալվածներ կան և ներկայում նրանց հետ օպերատիվ-քննչական միջոցառումներ են անցկացվում։ Առաջիկայում հասարակայնությանը կտեղեկացնենք հետաքննության ընթացքի մասին»,- ասաց Սարգսյանը։

«Ես կանեմ հնարավոր և անհնար ամեն ինչ այդ հանցագործության բացահայտման համար»,- ասաց Սարգսյանը։ Ինչպես նշեց Հայաստանի ոստիկանապետը, Մհերյանի գործով քննությունը բարդանում է նաև բազմաթիվ վարկածների առկայությամբ, դրանց ճյուղավորվածությամբ և բազմազանությամբ։ Միաժամանակ Սարգսյանը կոչ արեց հասարակայնությանը զինվել համբերությամբ և սպասել քննության ավարտին։

Մհերյանը սպանվել է 2009թ. փետրվարի 3-ին, մոտավորապես ժամը 20:15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: 

Սպանության փաստով հարուցված է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։ -0-