ՀՀ նախագահը փետրվարի 9-ին եռօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

08.02.2010, 15:00
ՀՀ նախագահը փետրվարի 9-ին եռօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Աշխատանքային այցի շրջանակում Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ:

ՀՀ նախագահը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին,  հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:

Բացի այդ, ՀՀ նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի և  ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և համերգին:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Իր ելույթում Հայաստանի Հանրապետության ղեկավարը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին:

Սարգսյանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա նաև «Ալ Ջազերա» հեռուստատեսությանը:-0-