Հայ մարզիկները կմեկնեն Վանկուվեր փետրվարի 5-ին

04.02.2010, 12:19
Հայ մարզիկները կմեկնեն Վանկուվեր փետրվարի 5-ին
Հայ մարզիկները կմեկնեն Վանկուվեր փետրվարի 5-ին

Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկները կմեկնեն Վանկուվեր փետրվարի 5-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Յուրի Ալեքսանյանը:

«Օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը մեկնել է Վանկուվեր փետրվարի 2-ին, մարզիկները կմեկնեն փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին նրանց կմիանան լրագրողները», - ասաց նա:

Ալեքսանյանը նաև ավելացրեց, որ ամերիկահայ լեռնադահուկորդուհի Անի-Մաթիլդա Սերեբրակյանը, ով ընդգրկվել է հայկական օլիմպիական պատվիրակության կազմի մեջ, հավաքականին կմիանա արդեն Վանկուվերում:

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10 կմ), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք) և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք և սովորական ոլորավայրէջք):

ՀՀ մարզական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Պատվիրակության կազմում են մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը և մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:-0-