Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկը

03.02.2010, 20:06
Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկը
Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկը, հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը:

«Չնայած նախորդ տարի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում գրանցված առաջընթացին՝ այդ գործընթացն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի նրբանկատ հարաբերությունների վրա և մեծացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման ռիսկը»,- Բլերի խոսքերը մեջբերեցին Ազգային և ռազմավարական կենտրոնից:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-