Հայաստանը պետք է ինքը պայմաններ առաջադրի Թուրքիային. նախկին արտգործնախարար

03.02.2010, 13:39
Հայաստանը պետք է ինքը պայմաններ առաջադրի Թուրքիային. նախկին արտգործնախարար

Հայաստանը պետք է վերացնի Թուրքիայի հետ հարաբերություններում տեղ գտած անհամաչափությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Անհրաժեշտ է վերացնել հայ-թուրքական գործընթացում տեղ գտած անհամաչափությունը: Մենք պետք է ընդունենք թուրքական իշխանությունների մարտահրավերը և սկսենք կիրառել նոր մեթոդաբանություն և ինքներս պայմաններ առաջադրենք», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ եթե որևէ մեկը հայ-թուրքական հարցը կապի ղարաբաղյան հարցի հետ, ապա մենք պետք է բանակցությունների սեղանին դնենք բոլոր հարցերը՝ ցեղասպանությունը, մեր պատմական հողերի զավթումը, Նախիջևանի, Արցախի հարցը, և խնդիրներին համալիր լուծում տանք:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ թուրքական իշխանությունները հնարավոր բոլոր ամբիոններից «հայկական օկուպացիայի» և ՄԱԿ-ի որոշումների նկատմամբ անհարգանքի մասին խոսելու փոխարեն պետք է հիշեն հայերի, հույների, քրդերի, ասորիների, եզդիների հայրենիքի սեփական օկուպացիան և հարգեն ՄԱԿ-ի որոշումները:

«Թուրքական պետությունը ցեղասպանություն իրականացրած ազգի ժառանգն է, մենք՝ հայրենիքից զրկված ազգի ժառանգն ենք: Թուրքիան խոսում էր նախապայմանների լեզվով, մենք ընթանում էինք կառուցողական ուղղությամբ», - ասաց նա:

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը պետք է հանդես գա արդարության, այլ ոչ թե նպատակահարմարության տեսակետից:

Հովհաննիսյանն ասաց, որ «շնորհակալ» է թուրքական կողմին, որը շատ անկեղծ իրազեկեց սեփական պետական շահերի մասին և բացեիբաց ներկայացրեց իր առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում:

Նրա խոսքերով՝ Հայաստանը, վարելով ինքնավար քաղաքականություն, չպետք է կարծի, որ Թուրքիան որոշումներ է ընդունել որևէ մեկի ճնշման տակ, այդ պատճառով Հայաստանը ինքը պետք է գիտակցի իր շահը և սկսի պաշտպանվել:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Միաժամանակ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին ՀՀ ՍԴ-ի որոշումը նախապայմաններ և սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների տառին և ոգուն:-0-