Ղարաբաղյան հակամարտության ապասառեցումն անհնար է. քաղաքագետ

01.02.2010, 15:05
Ղարաբաղյան հակամարտության ապասառեցումն անհնար է. քաղաքագետ

Ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը միանշանակ անհնար է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը քաղաքական հեռանկարում անհնար է», - ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ ավելացնելով, որ այսօր դժվար է ասել, թե ինչ կլինի 20 տարի անց:

Իսկանդարյանի խոսքերով՝ ղարաբաղյան գործընթացի շրջանակներում այսօր իրականում որևէ բան տեղի չի ունենում:

«Մինչ հայ-թուրքական գործընթացի ճակատագրի որոշվելը որևէ տեղաշարժ ես չեմ անկնալում, իսկ ղարաբաղյան թեմայով հնչող հայտարարություններին և արտահայտություններին ես վերաբերվում եմ որպես ծառայողական՝ հայ-թուրքական գործընթացի նկատմամբ», - պարզաբանեց քաղաքագետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-