Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի և Դոմինիք դե Բումանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաև` նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի դեսպանը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական փոխըմբռնումը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը և պատրաստակամությունը:-0-