ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները

29.01.2010, 11:15
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Լոնդոնւմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության գործընթացին առնչվող հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հիլարի Քլինթոնը վերահաստատեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը և իրագործմանը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Նալբանդյանն իր հերթին նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Սահմանադրությանը արձանագրությունների համապատասխանության մասին ևս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:  

2010 թ.-ի հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրություններում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել:

Զրուցակիցները քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

«Զրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նալբանդյանը Լոնդոնում մասնակցել է Աֆղանստանի խնդրին նվիրված միջազգային համաժողովին:-0-