Կոռուպցիոն ռիսկերը շարունակում են մնալ Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը. նախարար

22.01.2010, 12:27
Կոռուպցիոն ռիսկերը շարունակում են մնալ Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը. նախարար
Կոռուպցիոն ռիսկերը շարունակում են մնալ Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը. նախարար

ՀՀ կրթական համակարգի գլխավոր խնդիրը շարունակում են մնալ կոռուպցիոն ռիսկերը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք իրատեսորեն ենք նայում մեր խնդիրներին և բացթողումներին, և անիմաստ է աչք փակել կոռուպցիայի նման խնդրի վրա», - ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ կոռուպցիոն ռիսկերը հատկապես բարձր են բարձրագույն կրթության համակարգում, սակայն դպրոցների շրջանում ևս իրավիճակը մտահոգիչ է:

Աշոտյանը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարում բնակչության շահագրգիռ շերտերի ներգրավումը:

Նախարարի կարծիքով՝ ևս մեկ մտահոգիչ խնդիր է հատուկ դպրոցներում ստեղծված իրավիճակը:

«Վերջերս մեծ աղմուկ էր առաջացել Հայաստանի հատուկ դպրոցներից մեկում երեխաների իրավունքների խախտման կապակցությամբ: Այդ դեպքից հետո ես որոշում ընդունեցի խստացնել վերահսկողությունը նման հաստատություններում», - նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ այդ նպատակով կստեղծվի քաղաքացիական վերահսկողության խորհուրդ, որի մեջ կներգրավվեն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:-0-