Երևանը հաստատում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Սոչիում

21.01.2010, 14:49
Երևանը հաստատում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Սոչիում

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և  Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Սոչիում։

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 25-ին կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-