Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը բաց թողնել. փորձագետ

20.01.2010, 19:55
Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը բաց թողնել. փորձագետ
Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը բաց թողնել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը բաց թողնել, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 1998թ.-ին ակադեմիական շրջաններում կարծիք էր պտտվում, որ Թուրքիան կորցրեց Հայաստանի հետ իր խնդիրները հարթելու հնարավորությունը: Մեր օրերում հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման դեպքում Թուրքիան կարող է նորից «կոտրված տաշտակի» առաջ կանգնել»,- ասաց Դեմոյանը՝ նշելով, որ երրորդ հնարավորություն Թուրքիան արդեն կարող է և չունենալ:  

Ըստ նրա, պարզ էր, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո գործընթացում պետք է դադար հաջորդեր:

Այդ պահից, փորձագետի կարծիքով, Թուրքիան սկսեց փորձեր կատարել ստեղծված իրավիճակն իր օգտին շուռ տալու համար: Նա նշեց, որ Թուրքիան փորձում է ապահովագրել իրեն կարգավորման գործընթացի «կնքահայր»-պետությունների կողմից հնարավոր ճնշումից և դրա հետ է կապված Ղարաբաղի առնչությամբ բանավոր նախապայմանների առաջադրումը:

«Թուրքական իշխանությունների դժգոհությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ արձանագրությունները ստորագրելուց հետո հայկական կողմին բանավոր նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի արդեն երկրորդ փորձն է»,- ասաց Դեմոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված ասուլիսի ժամանակ:

Նա ընդգծեց, որ այս փորձը թուլացնում է առաջին նախապայմանը, երբ հնարավոր էր համաձայնության գալ այն մասին, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ գնա:

«Չի բացառվում, որ Թուրքիան թվով երրորդ նախապայմանը դնի, որը հնարավոր է վերաբերի Օսմանյան կայսրությունում Հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը վերաբերող ՍԴ որոշման ու ՀՀ Սահմանադրության կետերին»,- կարծում է Դեմոյանը:

Շախմատային տերմինաբանությամբ արտահայտվելով, փորձագետն այն դրությունը, որում Թուրքիան հայտնվել է, անվանեց «ցուգցվանգ» (շախմատային դրություն, երբ կողմերից մեկը ստիպված է լինում իր համար անշահավետ հերթական քայլն անել):

Դեմոյանի կարծիքով, նման գործողություններն ու նախապայմանների լեզուն կարող են հասկանալի չլինել միջազգային հանրությանը:

«Նոր նախապայմանները թույլ քայլ է: Թուրքիան պետք է գոնե պատրաստեր միջազգային հանրությանը նման սցենարի: Չէ որ ունենալով Կիպրոսի խնդիրը ծայրահեղ աստիճանի անարդյունավետ է Ղարաբաղյան հարցը բարձրացնելը»,- հայտարարեց փորձագետը՝ նշելով, որ Թուրքիային ժամանակի ընթացքում կարող է «ցայտնոտ» սպառնալ: 

Միևնույն ժամանակ, Դեմոյանը վստահություն հայտնեց, որ շուտով հայ-թուրքական կարգավորման շուրջ նոր գործընթացներ կսկսվեն:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ հունվարի 20-ին նախազգուշացրեց այն մասին, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է խափանվել, եթե ՀՀ ՍԴ չվերանայի երկու երկրների միջև արձանագրությունների շուրջ իր որոշումը՝ ստորագրված անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում: -0-